Փաշինյանը` Ադրբեջանի կողմից Սյունիքով զենք և զորք Նախիջևան տեղափոխելու մասին

«Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։


«Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,- հայտարարել է նա։


Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ-ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։


Քաղաքականություն