
Հայ-ադրբեջանական հարաբերություններով տարված՝ Թրամփը ոչինչ չի ասում մեր երկրի մասին․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նամակում նշվում է՝
«Ձեր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ. հաջողությամբ նպաստել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի իշխանությունների հետ, վերականգնել եք գործընկերությունը նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուամենայնիվ, այս ֆոնին Ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին, ինչը զարմանք է առաջացնում վրացական հասարակության մոտ։
Վրաց հասարակությունը մտահոգված է Վրաստանում պատերազմի և անկարգությունների վրա հիմնված «Deep State»-ի գերիշխանությամբ, որին, ցավոք, Ձեր վարչակազմը պասիվորեն է հետևում։
Ես շարունակում եմ հույս ունենալ, որ ձեր վարչակազմի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Կարևոր է, որ վրաց ժողովրդի ընկալման մեջ Միացյալ Նահանգները կապված լինի ոչ թե «Deep State»-ի հետ, այլ ուժեղ ամերիկացի նախագահի, ոչ թե խաղաղությունը խախտելու և անկայունություն ստեղծելու անընդհատ փորձերի, այլ խաղաղության և կայունության հաստատման հետ, ոչ թե գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, այլ ավանդական արժեքների նկատմամբ հարգանքի հետ։
Որպես Վրաստանի նախագահ, ես անձամբ պատրաստ եմ առավելագույնս աջակցել Վրաստանի կառավարության հայտարարած նպատակին՝ նոր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզի հիման վրա վերականգնել Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ պայմանն է Ձեր վարչակազմի կողմից վրացական պետության և վրաց ժողովրդի նկատմամբ արդար և ուշադիր վերաբերմունքի հաստատումը»,- գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։