
Քլինթոնը խոստացել է առաջադրել Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի՝ միայն մեկ պայմանով

ԱՄՆ նախկին դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի, եթե նա լուծի Ուկրաինայի հակամարտությունը, հաղորդում է New York Post-ը։
«Եթե նա կարողանար վերջ դնել այս սարսափելի պատերազմին առանց Ուկրաինային այնպիսի դիրքում դնելու, որտեղ նրանք ստիպված կլինեն հրաժարվել իրենց տարածքից, եթե նա կարողանար իրականում դիմակայել Պուտինին, ինչը մենք դեռ չենք տեսել, բայց գուցե հիմա հնարավորություն է, եթե նախագահ Թրամփը լիներ պատերազմի ավարտի ճարտարապետը, ես նրան կառաջադրեի Նոբելյան խաղաղության մրցանակի», - ասել է Քլինթոնը Raging Moderates փոդքասթում։
Այսօր Politico-ն գրել էր, որ Թրամփը վայելում է «գլխավոր խաղաղարար լինելը» և հավատում է, որ կարող է կնքել այնպիսի գործարքներ, որոնք մյուս նախագահները չեն կարողացել կնքել։ Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահը ուշադրություն է դարձնում տարբեր հակամարտություններին մասամբ այն պատճառով, որ հավատում է, որ կարող է օգտագործել Վաշինգտոնի ազդեցությունը դրանք վերջ տալու համար։ Սա հակասում է նրա նախագահական քարոզարշավին, որի ընթացքում նա հետապնդել է «Ամերիկան առաջինը» մոտեցումը։
Հրապարակման համաձայն՝ զինված հակամարտությունները լուծելու Թրամփի փորձերը բացատրվում են Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու նրա ցանկությամբ, որին նա վաղուց է ձգտում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թրամփին առաջադրել էին Նոբելյան խաղաղության մրցանակի։