Ներկայացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։


«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։


Միմյանց քաղաքացիների, այդ թվում արցախցիների, դեմ ցանկացած քրեական հետապնդումից և վարչական ու քաղաքացիական հայցերից փոխադարձ հրաժարում մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների մասով։


Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։


Սահմանազատման գործընթացը ավարտվում է առավելագույնը 3 տարվա ընթացքում՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։


Երկու երկրների պետական պաշտոնյանների կողմից և հանրային միջավայրում փոխադարձ ատելության բացառում։


Երկու երկրների կողմից նախկինում ստորագրած փաստաթղթերում առկա փոխադարձ պարտավորությունների դադարում։


Նախկին ԼՂԻՄ-ի շրջանի սահմանով և տարածքում «միջազգային խաղաղապահ ուժերի» անժամկետ տեղակայում՝ Արցախ հայ բնակչության վերադարձի և անվտանգության ապահովման նպատակով։


Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովում «միջազգային խաղաղապահ ուժերի» միջոցով՝ հումանիտար աջակցության նպատակով։


Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում՝ այդ թվում երկաթուղային ճանապարհների ինտեգրում երկու երկրներում գործող առկա երկաթուղային ցանցերին՝ երկու երկրների ինքիշխանության և իրավազորության սկզբունքով։


20 տարի ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տարանցիկ տեղափոխման համար փոխադարձ վճարների գանձման բացակայություն։


Երկու երկրների քաղաքացիների և բեռների տեղափոխման ժամանակ «միջազգային աջակցող խմբի» ուղեկցում մյուս երկրի տարածքում։


Միջազգային խաղաղապահ ուժերը և աջակցող խումբը ստեղծվում է ԱՄՆ նախաձեռնությամբ և կառավարմամբ, որոնց անդամակցող այլ երկրների առկայությունը տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ»։

Քաղաքականություն