
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք և գրավ

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանք և գրավ:
Քիչ առաջ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշում է կայացրել փոխել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։
Դատավորը հայտարարել է․ «Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի իրավաչափության փոփոխություն եղել է, այդ փոփոխությունը համեմատաբար նվազ է, ուստի դատարանը որոշում է կալանքը փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, տնային կալանքի կրման վայրը՝ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր Շինարարների փողոցի հասցեում, Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ՝ բացի նշված հասցեում բնակվողների և ընտանիքի անդամների հետ, արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը, համակցված կիրառել գրավ՝ 25 միլիոն դրամ։
Քանի դեռ գրավը չի մուծված, Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա»։
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։