
Ալիևի ասածը թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։
«Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ ՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրներից եւ դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։
Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու։
Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ»,- ասել է Բաղդասարյանը:
Վարչապետի մամաուլի խոսնակը նաև հավելել է. «Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Հայաստանի Հանրապետությունն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների եւ թե, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ ասել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որեւէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ իրավազորությունից անդին»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: