
Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Wall Street Journal թերթի սեփականատեր Ռուպերտ Մերդոքի և պարբերականի երկու լրագրողների դեմ։
ԱՄՆ նախագահը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում մի հրապարակման համար, որում պնդում կար, թե 2003 թվականին Թրամփը Ջեֆրի Էփշտեյնին շնորհավորական նամակ է հղել: Դրանում, ըստ պարբերականի, մերկ կնոջ ձեռագիր պատկեր է եղել, իսկ տեքստում հիշատակում է եղել «ընդհանուր գաղտնիքների» մասին։ Թրամփը պնդում է,որ Wall Street Journal-ի հրապարակումը լուրջ վնաս է հասցրել իր գործարար համբավին։
Ջեֆրի Էփշտեյնը ամերիկացի ֆինանսիստ էր, որին մեղադրում էին անչափահասների սեքսուալ շահագործմանն ուղղված ցանց ստեղծելու համար։ 2019 թվականին այս մեղադրանքների հիման վրա Էփշտեյնը ձերբակալվել էր և դրանից քիչ անց ինքնասպան եղել բանտում։
Հիշեցնենք` Wall Street Journal-ը հրապարակեց այն լուրը, որ Թրամփը Էփշտեյնին գրել էր «անպարկեշտ» 50-ամյակի բացիկ, որի վրա գրված էր. «Շնորհավոր ծնունդդ, և թող յուրաքանչյուր օրը լինի ևս մեկ հրաշալի գաղտնիք»։
Թերթը հայտնել է, որ տեսել է Թրամփի ստորագրությամբ մեքենագրված նամակ, որը շրջանակված էր մերկ կնոջ ձեռքով նկարված ուրվագիծ հիշեցնող մի նկարով, որը Էփշտեյնի ընկերուհի Գիսլեյն Մաքսվելը ներառել էր իր ծննդյան ալբոմում 2003 թվականին։
Թրամփը հերքում է նամակը գրելը կամ ծաղրանկարը նկարելը, այն անվանելով «կեղծ, չարամիտ և զրպարտչական»։