
Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը կվճարվի ՀԷՑ-ի միջոցներից

Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը ՀԾԿՀ–ի որոշմամբ դրվել է ՀԷՑ–ի ուսերին։ Որոշումը հրապարակվել է ՀԾԿՀ–ի կայքում։
ՀԷՑ–ի դեմ ՀԾԿՀ–ի որոշմամբ այսօր հարուցված վարչական վարույթի ընթացքում ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀՀ չափանիշներով բավական բարձր աշխատավարձ` այնքան, ինչքան ստանում է ՀԷՑ -ի գործող գլխավոր տնօրենը։
Ընդ որում, այդ աշխատավարձը Պետրոսյանին վճարելու է ոչ թե պետության կողմից, այլ ՀԷՑ–ի։
«Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին` հանձնաժողովի նախագահի սահմանած չափով»,– գրված է հաձնաժողովի այսօր ընդունած որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողվը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։