
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ ամենաուժեղ պատժամիջոցների փաթեթներից մեկը

«ԵՄ-ն քիչ առաջ հաստատեց Ռուսաստանի դեմ ամենաուժեղ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք էլ ավելի ենք կրճատում Կրեմլի պատերազմի բյուջեն՝ թիրախավորելով ստվերային նավատորմի նավերը, նրանց աջակցողներին, և սահմանափակում ենք Ռուսաստանի բանկերի հասանելիությունը ֆինանսավորմանը», - փաթեթի ընդունման մասին X հարթակում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Ըստ Կալասի՝ կարգելվեն «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը, կսահմանվի նավթի գնի ավելի ցածր առավելագույն շեմ։
«Մենք ավելի մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության վրա, չինական բանկերի վրա, որոնք հնարավորություն են տալիս խուսափել պատժամիջոցներից, և արգելափակում ենք անօդաչուների համար օգտագործվող տեխնիկայի արտահանումները», - հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ առաջին անգամ պատժամիջոցների տակ է հայտնվում Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը։ Կալասը շեշտել է, որ ձեռնարկվող միջոցները կշարունակվեն, հետևաբար «ագրեսիան դադարեցնելը Մոսկվայի համար կդառնա առաջ շարժվելու միակ ճանապարհը»։