
Արաղչին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը

ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր է վերսկսել, միայն եթե Վաշինգտոնը պատրաստ լինի փոխշահավետ և հավասարակշռված միջուկային գործարքի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե մյուս կողմը պատրաստ է արդար, հավասարակշռված և փոխշահավետ միջուկային գործարքի», - գրել է նա X սոցցանցի իր պաշտոնական էջում։
Արաղչին նաև հավելել է, որ «Եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պետք է հրաժարվի միջազգային պատժամիջոցների վերականգնման գաղափարից և սկսի պատասխանատու գործել, եթե ցանկանում է դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: