
Հայաստանը վերջնական կհաշվարկի Իրան–Հայաստան երկաթգծի շինծու ներդրողի ծախսերը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել, որ Հայաստանը կհաշվարկի Իրան–Հայաստան երկաթգծի շինծու ներդրողի` «Rasia FZE»–ի հետ կապված բոլոր ծախսերը:
«Rasia FZE» ընկերությունը դատի էր տվել ՀՀ կառավարությանը, այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնագիր էր կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված տվյալ ներդրումային ընկերության հետ՝ 2013 թվականին։
Սակայն ընկերությունը 5 տարի ոչինչ չձեռնարկեց նախագծի իրագործման համար, ՀՀ կառավարությունը հայտարարեց համաձայնագիրը խզելու անհրաժեշտության մասին: Որին էլ հետևեց այն, որ ընկերությունն ու նրա սեփականատերը՝ Ջոզեֆ Բորկովսկին, միջազգային արբիտրաժային հայց ներկայացրին ՀՀ կառավարության դեմ։
10 տարի անց արբիտրաժային դատարանը հօգուտ Հայաստանի Հանրապետությանը վճիռ կայացրեց՝ ընկերությանը պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վճարել 2 մլն 783 հազար դոլար` ներառյալ դատական ծախսերը և նախագծի միջազգային խորհրդատուների ծախսերը։
ՀՀ կառավարությունը 2024 թ. դեկտեմբերի 23–ին արդեն իսկ ստացել է նշված 2 մլն 783 հազար դոլարը, իսկ այսօրվա որոշմամբ խորհրդատվական ընկերությանը` ԱՄՆ–ում գործող «Baker&McKenzie LLP»–ին կփոխանցի 1 մլն 84 հազար դոլար։