Իսրայելի նոր հարվածն Իրանին սպասելի է․ Իրաքի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, կրկին կորոշի հարվածել Իրանին՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացումը կանխելու և իր պաշտոնը պահպանելու համար: Այս տեսակետը հայտնել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին արաբական «Աշարք ալ-Աուսաթ» թերթին տված հարցազրույցում:


«Բոլորը գիտեն, որ Նեթանյահուն չի պահպանել հրադադարի պայմանները Գազայում և Լիբանանում։ Շատ հավանական է, որ նա կրկին կհարձակվի Իրանի վրա։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ -ն պատրաստ է շարունակել իր քաղաքականությունը, թվում է, թե նրա քաղաքական ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանային հակամարտության շարունակմանն, որպեսզի նա պահպանի իր քաղաքական դիրքերը» ,- ասել է Իրաքի կառավարության ղեկավարը։


Ինչպես նշել է ալ-Սուդանին, Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների ժամանակ Իրաքի ղեկավարությունը չափազանց մտահոգված էր տարածաշրջանային կայունության հարցերով և սահմաններին տիրող իրավիճակով։


«Դուք չեք կարող դիտել, թե ինչպես է հարևան երկիրն այրվում և վստահ լինել, որ կրակը չի տարածվի ձեզ վրա», - հավելել է քաղաքական գործիչը։


Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում սկսեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց. հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին իրանական երեք միջուկային օբյեկտների վրա։ Ի պատասխան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային՝ Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ զոհեր և էական վնասներ չեն հասցվել։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։



Քաղաքականություն