
ԱՄՆ-ից արձագանքել են ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։
Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։