Երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են կատարվել

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել Երևանում երթևեկության հետ կապված։


«Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։ Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից դեպի աջ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ չորրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Իտալիայի փողոց։


Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելվել է, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից միայն ուղիղ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, Մաշտոց պողոտա խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամուրջ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ դեպի Մաշտոցի փողոտա, երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ չորրորդ և հինգերորդ գոտիներից դեպի ձախ՝ Հաղթանակ կամուրջ։


Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությամբ, իսկ երրորդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին»։


Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ «Բեյրութի փողոց մտնելիս պետք է նշաններ լինեն, որ վարորդը նախապես իմանա, որ առաջին գոտին միայն աջ է գնում, որպեսզի վերջին պահին ստիպված չլինի հոծ գիծ հատել ու վերադասավորվել»։


Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը շարունակելով երթևեկության հետ կապված փոփոխությունների շարքը նշել է․


«Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ և ուղիղ, երկրորդ գոտուց՝ ուղիղ, իսկ երրորդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը արգելված է։


Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջ ուղղությամբ հասարակական տրանսպորտի համար փորձնական տարբերակով տեղադրված է լուսացույց BUS գրառմամբ, որը սպասարկում է բացառապես տրանսպորտին։ Իրականացվել են նաև լուսացույցների աշխատանքների ռեժիմների փոփոխություններ։


Նշված փոփոխություններով պայմանավորված առաջիկայում ևս պլանավորվում է իրականացնել լուսացուցային ռեժիմների փոփոխություններ, նշված խաչմերուկներում, որը կնպաստի տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություններով։ Նշված աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,– ընդգծել է նա։


Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց հիմնականում մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։ Եվ եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, մենք ուղղակի կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո»։