
Ասում են՝ ինչո՞ւ հիմա, որովհետև վաղը ուշ է լինելու․ Քոչարյան

Գաղտնալսումը մեկ–երկու օրվա գործ չէ, այս ամբողջը օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել, և ես համոզված եմ, որ սա կկանխի նմանատիպ մտադրությունները և եթե ցանկացած մեկի գլխում այսպիսի բան կա, այլևս չի լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» կողմից ահաբեկչություններ կազմակերպելու վերաբերյալ ՔԿ–ում հարուցված քրեական վարույթին։
«Բոլորը հասկացան, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ իր օպերատիվ տնտեսությամբ այս պահի դրությամբ վերահսկում է նման ցանկությունները օր առաջ կանխելու հնարավորությունը։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ հիմա, որովհետև վաղը ուշ է լինելու, այդ տրամաբանությամբ։ Ես համեմատություն եմ արել, հոկտեմբերի 27-ի հետ, եթե հոկտեմբերի 26–ին ԱԱԾ–ն բացահայտած լիներ, որի հնարավորություն ունեցել է և դա քննությամբ է ապացուցված, ապա մենք չէինք ունենա հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ Ցավոք, դատաքննության ընթացքում հնարավորություն չտվեցին, որպեսզի այդ հատվածը այն օրերում ներառվի գործում։ Գլխավոր դատախազի զեկույցի ընթացքում, ես ասացի, որ որ Աղվան Հովսեփյանից պետք է ճշտել, ինչու գնացին արագացված դատաքննության, ինչու այդ կարևոր հատվածները թողնվեցին մի կողմ։ Այսօր մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ԱԱԾ–ն, ոստիկանությունը և մեր օպերատիվ միջավայրը կառավարող կառավարիչները կարողացան կանխել մի բան, որը անհրաժեշտ էր մեզ բոլորիս համար»,–ասել է նա։
Դիտարկմանը, որ դեռ չկա դատարանի որոշում, սակայն իշխանությունները տեղի ունեցածը բնորոշում են որպես ահաբեկություն, Քոչարյանն ասել է.
«Իսկ դուք ի՞նչ եք որակում, որպես բարեգործությո՞ւն։ Օպերատիվ գործողություններով դա կախվել է։ Չպետք է կանգնենք, սպասենք, մինչեւ երկու հոգու գնդակահարեին, ճանապարհները պարալիզացնեին և քաոս ստեղծեին։ Շատ կարևոր է, որ այն հնարավորությունը, որ պլանավորել էին, իրականություն չդառնա և չդարձավ։ Դուք պետք է ուրախանաք, որ այդպիսի բաները կանխվում են մեր երկրում»։