
Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու խոստումս կատարված է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո երկրորդ անգամ է ելույթով դիմել ժողովրդին՝ ասելով, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարված է։
«Դուք հիշում եք, որ գործողության հենց սկզբից ես ձեզ խոստացել էի, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն այս կամ այն կերպ: Այս խոստումը կատարվել է: Որոշ ժամանակ առաջ, իմ և նախագահ Դոնալդ Թրամփի միջև լիակատար համակարգմամբ և Իսրայելի պաշտպանության բանակի ու ամերիկյան բանակի միջև լիակատար օպերատիվ համակարգմամբ, ԱՄՆ-ն գրոհեց իրանական երեք միջուկային օբյեկտները»,- տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նշել է, որ Իրանի միջուկային ծրագրերը սպառնում էին հրեական պետության գոյությանը և վտանգում ամբողջ աշխարհը։
«Գործողության ավարտից անմիջապես հետո նախագահ Թրամփը զանգահարեց ինձ։ Դա շատ ջերմ, շատ հուզիչ զրույց էր: Նախագահ Թրամփն ազատ աշխարհի ուժեղ առաջնորդ է։ Նա Իսրայելի մեծ բարեկամն է, մի ընկեր, որի նմանը չկա»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: