
Իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն․ Խուդաթյան

Եկեղեցու հետ կապված արշավ չի իրականացնում իշխանությունը։ Քանի Եկեղեցին չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու 2026 թվականի ընտրություններին, իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն, չնայած Եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգեւորականներ վերջին ընթացքում զբաղվել են քաղաքականությամբ։ Այս մասին ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ում մտահոգվա՞ծ են, որ Եկեղեցու վարկանիշն ավելի բարձր է, քան ՔՊ-ինը։
«Ես՝ որպես քաղաքացի և քրիստոնյա, մտահոգված եմ Եկեղեցու հիմնական կարգերից մեկի խախտման կամ թվացյալ խախտման մասով, ես դրա հետ կապված կարծում եմ, որ դա Եկեղեցու կարեւոր ավանդույթներից մեկն է, որը դարերով փոխանցված ավանդույթ է։ Եվ կարծում եմ՝ եթե այնտեղ կա խախտում, դա պետք է ունենա հետեւանք», - ասել է Խուդաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին՝ «Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» մասին։
Պատասխանելով հարցին, թե ինքը և իր նախարարությունը կմիանա՞ն Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վեհափառին վեհարանից դուրս հանելու մասին, ՏԿԵ նախարարը պատասխանել է․ «Իմ պլաններում այդպիսի բան չկա, մեր նախարարության պլաններում այդպիսի բան չկա»։