ԱՄՆ-ում ուժի մեջ մտավ` 12 երկրի քաղաքացիների մուտքի արգելքը

ԱՄՆ-ում այսօրվանից պաշտոնապես ուժի մեջ է մտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիր, որն արգելում է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Խոսքն Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մասին է: Նրանց նկատմամբ սահմանվել է մուտքի ամբողջական արգելք, գրում է The Guardian.com-ը:


Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:


Բացառություններ են գործում Միացյալ Նահանգների օրինական մշտական ​​բնակիչների և վավեր վիզաներ ունեցողների համար: Երկրների ցանկը հիմնված է Պետդեպարտամենտի կողմից հունվարից ի վեր անցկացվող վերլուծության վրա:


Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ նման միջոցառումների ներդրման պատճառը Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում հրեա ակտիվիստների դեմ հակասեմական հարձակումն էր։ ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտոսցին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։


«21-րդ դարում մենք տեսել ենք և շարունակում ենք տեսնել ահաբեկչական հարձակումներ, որոնք կատարվել են ժամկետանց վիզաներ ունեցող օտարերկրացիների կողմից, որոնք եկել են աշխարհի տարբեր վտանգավոր վայրերից», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ երկրում կան միլիոնավոր նման մարդիկ։


Խոսելով ահաբեկչական հարձակումների մասին՝ Թրամփն ասել է, որ թույլ չի տա, որ «այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում, տեղի ունենա նաև Ամերիկայում»։ Նա սպառնացել է, որ արգելքի ցանկին կարող են ավելացվել ավելի շատ երկրներ։

Քաղաքականություն