
Որպես քաղաքական դիակ՝ դուրս կգա դահլիճից. Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրառում է կատարել․
«Ազատիչի պլանը։
Իրականում Սերժ Սարգսյանի պլանը շատ պարզ է, եթե հաշվի առնենք ողջամտության կանխավարկածը։
Ուրեմն ՀՀԿ-ի սատելիտները դաշտ են նետում վարչապետի իմպիչմենտի թեզը, որի գործընթացը սկսելու համար նրանք նույնիսկ բավարար ստորագրություններ չունեն, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի հետ միասին։ Հետո ծամծմելուց հետո շռնդալից կերպով թեկնածու են առաջադրում, որը ԱԺ ամբիոնի մոտ կարող է հասնել միայն, եթե հավաքվի 36 ստորագրություն («Պատիվ ունեմ» 6 + «Հայաստան» 28 + 2 անկախ պատգամավոր, օրինակ՝ Աղազարյանն ու Ասլանյանը)։
Թեկնածուն էլ քաղաքական մտքի մի «տիտան» է՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, նույն ինքը՝ Վովա Գասպարյանի ախրանայի պետ Արշակի փեսան։ ԱԺ ամբիոնի մոտ հասնելու գրեթե զրոյական շանսի՝ այնուամենայնիվ կատարման դեպքում, Համբարձումյանը, իհարկե, որպես քաղաքական դիակ դուրս կգա դահլիճից, բայց դա նրանց պետք չէ։
Նրանց պետք է այս «մեռելածին» գործընթացի շուրջ փիառ-արշավ ձևավորել, որը նպատակ ունի 2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ առաջխաղացնել իրենց ցուցակի հավանական անձանց։ Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանին, իհարկե, կրկին շռնդալից կերպով կմիանան ՀՀԿ-ի այլ սատելիտներ՝ իբր ցույց տալով թափ հավաքող նրանց շարժումը, չնայած բոլոր միացողները վաղուց միասին են։
«Նոր» դեմքեր ներգրավելով և նրանց փիառ անելով՝ ՀՀԿ-ն հույս ունի վերջապես հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը, ինչը նրանց մոտ չստացվեց 2018-ին և 2021-ին։ Հիմա էլ չի ստացվելու, տղաներ և աղջիկներ, ձեզ այլ զբաղմունք գտեք։
Հ.Գ. իհարկե չենք մոռանում ողջամտության կանխավարկածը, որովհետև եթե դա չկա, ապա ինձ հարազատ ոլորտի մասնագետները պետք է վերլուծեն այդ պլանը (վերջին բառը կարդալ և հասկանալ ուղիղ իմաստով»,- գրել է Թորոսյանը։