ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է։ Իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ Այս մասին հայտնում են CNN-ից։


CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ «առաջին հայացքից այն գնահատվում է որպես անհետևողական և հատվածական, շատ անիրատեսական և պարունակում է չափից ավելի պահանջներ»։


«Այն փաստը, որ ամերիկացիներն անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումները, մինչ այժմ գլխավոր խոչընդոտն է եղել բանակցությունների հաջողության ճանապարհին և այժմ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ», – նշել է CNN-ի զրուցակիցը, նա հավելե է, որ նոր առաջարկն ուղղակիորեն հակասում է նախորդ պայմանավորվածություններին։


«Տեքստը հստակորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությանը, Իրանի դիրքորոշումն ուրանի հարստացման հարցում հաստատուն է և անսասան», – հայտարարել է պաշտոնյան։ 


Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը թույլ չի տա ուրանի հարստացում։


Հիշեցնենք՝ Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։