Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք, թե չէ. Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Միքայել Սրբազանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Միքայել Սրբազանին։


«Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս մեկ անգամ եթերում կրկնել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը այն մասին, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի և այլն: Այս անգամ նաև ավելացրել է, որ արտաքին ուժերն ասել են, որ Հայաստանը վերածվելու է «գունավոր հեղափոխությունների ճամբարի»


Կրկնում եմ` եթե Սրբազան հայրը ճիշտ է, ուրեմն ինքը արտաքին ուժերի ազդեցության գործակալ է:


Եթե պարզվի, որ այդպես է, պետք է անհապաղ պարզել, թե որ ուժերի ազդեցության գործակալն է նա ու նաև պետք է պարզել, թե ինչ առնչություն ունի այս պատմության հետ հարգարժան Սրբազան հոր անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հույս ունեմ, որ վերջինս կպարզաբանի իր վերաբերմունքը ՀԱԵ արքեպիսկոպոսի ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ:


Ի դեպ, մոտ մեկ ու կես տարի առաջ մեկ այլ մեծապատիվ արքեպիսկոպոս` Միքայել Աջապահյանը հայտարարել էր, որ «Պետք է ռազմական հեղաշրջում արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմենիստան»:

Այն ժամանակ ես սրան լուրջ չէի վերաբերվել` համարելով, որ Սրբազան հայրը պարզապես հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Ի վերջո, կուսակրոն եկեղեցականի կյանքը դժվար կյանք է, պետք էր ըմբռնումով մոտենալ:


Բայց Բագրատ Սրբազանի խոստովանությունից հետո հարց է առաջանում` գուցե Միքայել Սրբազանին նու՞յնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ: Սա պետք է պարզել: Հուսով եմ՝ Սրբազան հայրը սա կպարզաբանի:


Հուսով եմ նաև, որ իր ոճով չի ասի` «Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք, թե չէ»: Որովհետև, վստահաբար, մեր գործն է»,- գրել է Ռուբինյանը։