ԱՄՆ-ում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարը

ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը Լոս Անջելեսում ձերբակալել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարին և մյուս անդամներին, որոնք կասկածվում են մոտ 30 մլն դոլարի հափշտակման համար. գումարը նախատեսված էր COVID-ի համավարակի ընթացքում օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար։ Վարչությունն իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություն՝ բացահայտելով միջազգային կազմակերպված հանցախումբ, որը մեղադրվում է դաշնային ֆինանսական ծրագրերից միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար: Այս մասին հայտնում է Fox News-ը։


Ըստ քննիչների՝ խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ ՄըքԳրայանը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու և միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։ Քննիչների տվյալներով՝ ՄըքԳրայանը եղել է հանցախմբի պարագլուխը։ Ըստ քրեական գործի՝ նա կապեր է ունեցել հանցավոր շրջանակների հետ, սպառնացել է մի քաղաքացու զենքով և բեյսբոլի մահակով, և համարվել է անկանխատեսելի մարդ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ներկայացվել են ֆինանսական օգնության հայտեր՝ օգտագործելով կեղծ բանկային և հարկային փաստաթղթեր։


Իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են կանխիկ գումար, տեխնիկա և զենք։ Կասկածյալներին մեղադրում են դավադրության, բանկային և հարկային խարդախության, ինչպես նաև փողերի լվացման համար։


Գործողության արդյունքում ձերբակալվել է 14 անձ, որոնցից 13-ը հայկական ծագում ունեն, սակայն ԱՄՆ քաղաքացիություն են ձեռք բերել։ Առնվազն մեկ կասկածյալ կանգնած է արտաքսման սպառնալիքի առաջ։


ՀիշեցնենքԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբավորման 13 անդամ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, կողոպուտի, ապօրինի զենք պահելու, բանկային և ֆինանսական խարդախության, ինչպես նաև առցանց մանրածախ հարթակի միջոցով 83 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ գողանալու համար։

Քաղաքականություն