
ՆԳՆ՝ 2-ամյա Տիգրանի անհետանալու վարկածների և կեղծ ահազանգի մասին

Վաղ առավոտից կրկին վերսկսվել են որոնողական աշխատանքները այս պահի դրությամբ ներգրավված են շուրջ 300 փրկարար ծառայողներ, շուրջ 100 ոստիկաններ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգյանը։
«Որոնողական աշխատանքներ իրականացվում են ինչպես գետի ամբողջ երկայնքով, ջրամբարի տարածքում, այնպես էլ գյուղում, հարակից տարածքներում, հարակից համայնքներում։ Ոստիկանությունն էլ համագործակցելով իրավապահ գործընկերների հետ, ԱԱԾ–ի հետ, Քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ, նաև ստուգում է բոլոր առաջ քաշված վարկածները»,- ասել է նա։
Անդրադառնալով նրան, որ երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, որ զանգահարել են հարազատներին և երեխայի լացի ձայն են միացրել, խոսնակն նշել է․
«Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը ընտանիքի հետ ամենօրյա կապի մեջ է, ամեն ժամ ցանկացած նման կասկածելի զանգ կամ տեղեկություն կամ իրենց կողմից առաջ քաշված որևէ վարկած կամ տարբերակ, միանգամից ներկայացվում է ոստիկանությանը և քննարկման առարկա է դառնում և ստուգումներ են իրականացվում։
Նշված զանգի հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությունը անմիջապես պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել են զանգահարողին։ Դեպքը որևէ կապ չունի երեխայի կորելու հետ։ Զանգահարողը երեխա է եղել, որը անմիտ քայլ է արել։ Ես այս առումով նույնպես կցանկանայի մեր հանրությանը կոչ անել, որպեսզի չստուգված տեղեկություններ չհրապարակեն, այնպիսի քայլեր չձեռնարկեն, որոնք կխաղան ընտանիքի անդամների հուզական ֆոնի հետ, նրանք արդեն ծանր իրավիճակում են։ Կոչ կանենք, որպեսզի չճշտված,անհիմն տեղեկություններ չհրապարակեն»։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե գյուղում գնչուների են տեսել, Նարեկ Սարգսյանն արձագանքել է. «Նույնը կարող եմ ասել այդ տեղեկության հետ կապված։ Ծնողների կողմից նշված ժամի դրությամբ այդ փողոցում եղած բոլոր անձինք, բոլոր մեքենաները ստուգվել են, և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հիմնական վարկածը շարունակում է մնալ այն, որ երեխան գետն է ընկել։ Բայց կրկնում եմ, բոլոր տարբերակները զուգահեռ ստուգվում են։
Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, դուք տեսաք ջրասուզակներն էլ են պարբերաբար սուզվում, որոնողական աշխատանքներ իրականացնում, նաև հարակից տարածքներում ու համայնքներում»։