
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային

Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Պուտինն ընդգծել է, որ առաջարկում է արդեն մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին։ Նա արդեն վաղը մտադիր է խոսել այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների ենք տրամադրված։ Դրանց նպատակն է վերացնել հակամարտության սկզբնապատճառները, հասնել երկարաժամկետ, կայուն խաղաղության պատմական հեռանկարով»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը չի բացառել, որ այդ բանակցությունների ընթացքում հնարավոր է նաև նոր հրադադարների մասին պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նա նշել է, որ խոսքն իրական հրադադարի մասին, որի ռեժիմը կպահպանի ոչ միայն Ռուսաստանի կողմից։
«Մեր առաջարկն, ինչպես ասում են՝ սեղանին է, որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը, որոնք կարծես թե ղեկավարվելով սեփական քաղաքական հավակնություններով, այլ ոչ թե իրենց ժողովուրդների հետաքրքրություններով, պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ պատերազմի՝ Ուկրաինայի ձեռքերով»,- ասել է ՌԴ նախագահը։
«Հիմա ռազմական գործողություններ, պատերազմ է ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ, իսկ այստեղ ի՞նչ վատ բան կա։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով միջազգային բոլոր գործընկերներին, որոնք միջնորդական ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ նոր վարչակազմին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինային եռօրյա հրադադարի առաջարկ էր արել, սակայն Կիևի իշխանությունները չեն արձագանքել այդ առաջարկին, ընդգծել է, որ այդ առաջարկից հետո Կիևը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել։
«Հաղթանակի 80-ամյակի օրերին Կիևի հարձակումները ռազմական նշանակություն չունեին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը շատ մեծ կորուստներ կրեցին»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները փորձել են վախեցնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին մասնակցող օտարերկրյա առաջնորդներին, իսկ Եվրոպայի որոշ երկրներ նախկինի պես շարունակում են Ռուսաստանի հետ խոսել կոպիտ ձևով՝ վերջնագրերի լեզվով։