«Մաշան և արջը» մուլտֆիլմը կհեռանա Ռուսաստանից, բայց ոչ էկրաններից

«Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմ ստեղծող ստուդիան դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։


Լրագրող Իվան Իլյինը հայտարարել է, որ «Մաշան և արջը» մուլտսերիալը ստեղծած «Animaccord» ստուդիայի մոսկովյան գրասենյակում սկսվել են զանգվածային կրճատումներ, վերջին անիմատորները պետք է ազատվեն աշխատանքից մինչև հունիսի 30-ը, որից հետո ստուդիայի զարգացմամբ կզբաղվի միայն Կիպրոսում գտնվող գլխավոր գրասենյակը: Լրագրողի խոսքով՝ ստուդիան որոշել է լքել Ռուսաստանի Դաշնությունը՝ միջոցների դուրսբերման հետ կապված դժվարությունների, նախագծի հաջողությունը պաշտոնյաների կողմից յուրացնելու և սերիալը քաղաքական տեսանկյունից ներկայացնելու փորձերի, ինչպես նաև ֆրանշիզայի հիմնադիր՝ նկարիչ Օլեգ Կուզովկովի դժգոհության պատճառով՝ առանց իր սցենարի ստեղծված նոր սերիաները թողարկելու համար:


Միեւնույն ժամանակ Animaccord-ի տնօրենը հերքել է «Մաշան և արջը» սերիալի Ռուսաստանից դուրս գալու լուրը: Ստուդիայի կառավարիչ տնօրեն Դմիտրի Լովեյկոն «Подем» ալիքին  տված հարցազրույցում Մոսկվայում գրասենյակի փակման մասին տեղեկությունները անվանել է իրականությանը չհամապատասխանող: Սակայն նա չի բացատրել, թե ինչն էր սխալ այդ տեղեկատվության մեջ։

«Սա ճիշտ չէ: Բայց ես չեմ կարող մեկնաբանել: «Մաշան և արջը» մնում է: Ես «Մաշան և արջը» ֆիլմի ռեժիսորն եմ»,-ասել է նա։


«Բոլորը վաղուց գիտեն, որ «Մաշան և արջը» նախագծի հեղինակային իրավունքի տերը գտնվում է Կիպրոսում։ Կար պարզապես մոսկովյան և կիպրոսյան գրասենյակներ։ Մոսկվայի գրասենյակը վերակառուցվում է, բայց այն փաստը, որ մենք այն փակում ենք….։ Ոչ ոք չի պատրաստվում հեռացնել «Մաշային» էկրաններից», - «Readovka»-ին ասել է «Animaccord» ստուդիայի ղեկավարության աղբյուրը։


Հիշեցնենք, որ մուլտսերիալը, որը 2009 թվականի հունվարից հեռարձակվում է 42 լեզվով և վայելում է հսկայական ժողովրդականություն ամբողջ աշխարհում։


Հավելենք, որ «Animaccord» ստուդիան հիմնադրվել է պրոդյուսեր և ձեռնարկատեր Դմիտրի Լովեյկոյի և անիմատոր Օլեգ Կուզովկովի կողմից, ովքեր այդ ժամանակ ֆինանսավորում էին փնտրում «Մաշան և արջը» նախագծի համար։ Լովեյկոն նախկինում ասել էր, որ Կուզովկովն է սերիալի գաղափարի հեղինակը, իրեն է դիմել պատրաստի կերպարներով և առաջին սերիաների սցենարներով։






Քաղաքականություն