
Հովհաննիսյանը՝ կոռուպցիոն սկանդալի և իր դեմ քրեական վարույթի մասին

Դատախազությունն իմ դեմ որևէ քրեական գործ չի հարուցել, ենթադրում եմ, որովհետև այդտեղ որևէ քրեական բան չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր դեմ քրեական վարույթ իրականցնելու՝ դատախազություն ներկայացված դիմումին։
Նշենք, որ փաստաբանները հիմնավոր կասկած էին հայտնել, որ նախարարը կոռուպցիոն գործարքներ է իրականացրել, մասնավորապես, անտոկոս վարկ վերցրել և իր ընկերությունը քեռու անունով փոխել։ Բացի այդ, ընկերությունը նաև հարկային արտոնություն էր ստացել։
Նախարարը նշել է, որ ինքը մտահոգություններ չունի, քանի որ փաստաբանները փաստերը վերցրել են իր հայտարարագրից։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել կամ արդեն իսկ վերջացրել է, այս ուսումնասիրության շրջանակներում ինձանից պահանջել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր՝ այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը՝ ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել, որտեղ երևում է այն, ինչ հայտարարագրել եմ»,- ասել է նա։
Նախարարը ներկայացրեց «պատմությունը», ըստ որի, այդ ընկերությունը հիմնադրվել է իր պաշտոնավարումից առաջ, հիմնադրել են 2020 թ-ին պատերազմից հետո։ Մի խումբ ընկերներով հիմնադրել են տեխնոլոգիական պարկ, որն, ըստ մտադրության՝ կմեծացներ ՀՀ-ի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ։
«Իմ ընկերներից մեկը որպես մասնակցություն՝ իր այդ գործընթացում պարտքով այդ գումարը ներդրեց այս գործի մեջ և ձևակերպեց որպես պարտք։ Որոշվեց՝ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը։ Հետո երբ 2021-ի օգոստոսին կառավարությունը որոշեց, որ պետք է ստանձնեմ փոխնախարարի պաշտոնը, արդեն պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, այդ պարտքը փոխանցեցի երրորդ անձի։ Որքանով տեղյակ եմ՝ այդ ընկերությունը ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և արդեն գործունեություն է ծավալում։ Ինչ վերաբերում է արտոնություն ստանալուն, ես տեղյակ էլ չեմ եղել արտոնության մասին, բայց սարքավորումներ մտցնելուց, ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, արտոնություն ստանալու համար դիմել է էկոնոմիկայի նախարարություն, իսկ Ֆինանսների նախարարությունն այդ պրոցեսում միայն ստուգում է՝ արդյո՞ք ճիշտ են լրացրած թղթերն, ըստ սահմանված ձևաչափի, և ստացել է այդ արտոնությունը։ 50-ից ավելի ընկերություններ ստացել են, և այստեղ կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություն էլ չունի։ Եթե արտոնությունը չստանար, կարգի խախտում կլիներ»,- պարզաբանել է նախարարը։
Վահե Հովհաննիսյանը պնդեց, որ չի համարում՝ ինքը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել. «Ինչ-որ մեկը որոշել է ինքնահաստատվել իմ հաշվին»։