
Արմավիրում 40 շուն են թունավորել. վարույթ չի նախաձեռնվել

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ որ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող 4-րդ դպրոցի տարածքում մոտ 40 շուն թունավորված թպրտում են և բերաններից փրփուր է թափվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ լրատվականի օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Խոշբեկյանի գլխավորությամբ, պարզել են, որ ապրիլի 16-ին Արմավիր քաղաքում գտնվող մոտ 40 թափառական շներին թունավորել են, ինչի հետևանքով շների մի մասը սատկել է:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Auroranews-ը կապ է հաստատել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին՝ հաղորդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդումը չի համապատասխանում Քրեական դատավարության 173-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին, և առկա չեն հիմքեր քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Արմավիրի համայնքապետարանից Auroranews-ի հետ զրույցում ասացին, որ նման ահզանգ չեն ստացել։