Ինչպես վարվել կենդանու ձագ տեսնելիս․ ԲԸՏՄ

Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։  Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։


Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ վերականգնողական ծրագիր, որի վերջնական նպատակն է՝ քոթոթին վերադարձնել իր բնական միջավայր։ Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից։


Կենդանին կվերադառնա վայրի բնություն միայն այն ժամանակ, երբ մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու բնական միջավայրում։  FPWC-ն արդեն ունի նմանատիպ գործողությունների մի շարք հաջող փորձ, ուստի հուսով ենք, որ այս փոքրիկի պատմությունը ևս կպսակվի հաջողությամբ։




Կարևոր է, եթե բնության մեջ հանդիպեք կենդանու ձագի, խնդրում ենք՝


Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք, քանի որ մայրը կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով


Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից


Միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ մնացել է առանց մոր (սովորաբար 24 ժամից ավելի), դիմե՛ք մասնագետների օգնությանը


Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ մեր՝ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գիծ՝ 08000411