Թրամփը ՌԴ-ին թույլ կտա պահպանել գրավված տարածքները․ The Telegraph

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, առաջարկվող խաղաղության գործարքի շրջանակում, պատրաստ է թույլ տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պահպանել Ուկրաինայից գրավված գրեթե բոլոր տարածքները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։


Ըստ պարբերականի, այս առաջարկը յոթ կետից բաղկացած պլանի մաս է կազմում, որը նախատեսված է պատերազմի դադարեցման համար, սակայն Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից հստակ անվտանգային երաշխիքներ չի տրամադրում։ Պլանը նախատեսվում է քննարկել չորեքշաբթի օրը Լոնդոնում, որտեղ ամերիկացի պաշտոնյաները կլսեն Կիևի արձագանքը։


Առաջարկի համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտոնապես ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ, ինչպես նաև փաստացիորեն ընդունել այլ գրավյալ տարածքների պահպանումը Ռուսաստանի կողմից։ Սա նշանակում է ճակատային գծի սառեցում, ինչը թույլ կտա Պուտինին պահպանել ներկայումս վերահսկվող գրեթե ողջ տարածքները։


Պարբերականի փոխանցմամբ՝ այն պլանը, որը ներկայացվելու է Ուկրաինային, ներառում է որոշ փոփոխություններ, որոնք կարող են օգտակար լինել Ուկրաինային։ Մասնավորապես, Ռուսաստանը կհրաժարվի իր վերահսկողության տակ գտնվող երկու փոքր տարածքներից։ Ուկրաինան կվերականգնի մուտքը Դնեպր գետի գետաբերան, իսկ Ռուսաստանը կլքի Խերսոնի մարզի երկրորդ տարածքը։


ԱՄՆ հատուկ բանագնաց, գեներալ Քիթ Քելլոգը հույս ունի ստանալ Ուկրաինայի համաձայնությունը պլանի վերաբերյալ։ Նրա գործընկեր Սթիվ Վիթքոֆը դրանից հետո կմեկնի Մոսկվա՝ պլանը ներկայացնելու Վլադիմիր Պուտինին։