
Աղբահանության վճարների համար արտոնություններ կլինեն

Երևանի բնակիչների մի շարք խմբերի համար արտոնություններ կգործեն աղբահանության վճարների գծով։ Նախագիծն այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում զեկուցեց աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը․
«Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի հաշվարկման մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով առաջարկվում է սահմանել աղբահանության վճարի արտոնություն որոշակի խմբերի անձանց, ինչպես նաև ամսական մինչև 10 կվտ էլեկտրաէներգիա սպառող և առավել մեծ մակերեսով բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների սեփականատերերի համար»,- նշել է նա։
Ըստ նախագծի՝ արտոնությունները կգործեն հետևյալ խմբերի համար.
Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (երեխաներ, ծնողներ և ամուսին),
Ռազմական գործողությունների ժամանակ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
Պետական նպաստների մասին ՀՀ օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
Ամսական մինչև 10 կվտ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում՝ բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով։
Անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով։
Ավտոտնակների համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։