Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք․ Փաշինյան

Անվտանգությունը ներառում է բանակը, բայց միայն բանակը չէ: Այս մասին  Ազգային ժողովում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եթե անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ չգիտենք՝ ինչ է անվտանգությունը։ Ինչ վերաբերում է բանակին, այո, մեծածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, բայց ուզում եմ ընդգծել այն առնչությամբ, որ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանը բանակը զարգացնում է, սպառազինվում է, որ հարձակվի։ Պաշտոնապես ասել եմ ու ասում եմ՝ բանակը Հայաստանի ինքնիշխան, ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի՝ ավելի քան 200 կմ2 օկուպացված տարածքների մասով բանակի առջև խնդիր չի դրվելու։


«Որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը 2 երկրներում վավերացվել է, մեխանիզմներն ստեղծում է, որ այս հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է։ Մենք պետություն ենք և պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։ Սեփական քաղաքացիներին պաշտպանելու գործառույթը պետության գործառույթն է, բայց բանակը միակ և ամենևին էլ առաջնային գործիքը չէ՝ անվտանգությունն ապահովելու համար։ Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք»,- նշեց վարչապետը։