
Բալիստիկ հրթիռներով հարձակում Դնեպրում. ինչ է հայտնի

Դնեպրում Ռուսաստանի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, մեկը՝ ծանր վիճակում, հաղորդել է մարզպետ Սերգեյ Լիսակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ մարդ մահացել է։
Փրկարարները շարունակում են մարել հրդեհը, որը առաջացել է հարվածի հետևանքով։ Քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հաղորդել է, որ ռուսական ուժերը հարվածել են «անձեռոցիկների և տակդիրների պահեստին»:
«Ոչ մի «ՆԱՏՕ-ի սպա» կամ «վարձկան»։ Ես անձամբ խոսել եմ սեփականատիրոջ հետ։ Սա ահաբեկչություն է, բացահայտ ահաբեկչություն… Նրանք պարզապես անհեթեթ կերպով բալիստիկ հրթիռներով հարվածում են տակդիրներին և մանկական խաղահրապարակներին», – գրել է նա իր Telegram-ալիքում։
Հարձակման է ենթարկվել նաև Նիկոպոլը՝ 13 տուժած։ Հինգը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից չորսը՝ ծանր վիճակում։ Լիսակի խոսքով՝ ռուսական ուժերը Նիկոպոլի շրջանում արձակել են 30-ից ավելի անօդաչու սարքեր։ Վնասվել են խանութ, երկու մասնավոր տներ, երկու տնտեսական շենք, երեք ձեռնարկություն և ենթակառուցվածք։