Աջակցություն՝ ՀՀ-ում հեծանիվով երթևեկելու համար. մանրամասներ

ՀՀ–ում ՄԿՈւ–ում և ԲՈւՀ–ում սովորողը, աշխատողը կստանա աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրի հեծանիվը։ Այս նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։


Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40–50 %–ը: Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար՝ 10,4 և 22,3 %:


«Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում», - նշված է որոշման հիմնավորման մեջ։


Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2024 թ. հունիս ամսվա վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորում է 120 486 ուսանող, աշխատում է 20 610 դասախոս, որոնք դիտարկվում են որպես այս ծրագրի հնարավոր շահառուներ:


Նախագծով 2025-2030 թթ. կպահանջվի 248,7 մլն դրամ, որից 11,3 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կվերաբաշխվի 2025 թ․ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումներից կամ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացած գումարը (2026 թվականին՝ 40,156.0 հազ. դրամ, 2027 թվականին՝ 88,178,0 հազ. դրամ, 2028 թվականին՝ 73,092.0 հազ. դրամ, 2029 թվականին՝ 31,651.0 հազ. դրամ, 2030 թվականին՝ 4,277.0 հազ. դրամ) կնախատեսվի համապատասխան տարվա պետական բյուջեով:

Քաղաքականություն