Մանրամասներ` Թրամփ-Ծինփին հանդիպումից
ԱՄՆ և Չինաստանի նախագահները հանդիպում են ունեցել Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։ Սա Թրամփի ու Ծինփինի՝ ԱՄՆ նախագահի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր առաջին անձնական հանդիպումն է։
Թրամփը տեսախցիկների առջև հայտարարել է, որ ակնկալում է «շատ արդյունավետ հանդիպում»։
Ծինփինն իր հերթին նշել է, որ Թրամփի նախագահությունից ի վեր 9 ամսվա ընթացքում իրենք երեք անգամ հեռախոսով խոսել և նամակագրություն են վարել։ «Միջազգային երկու առաջատար տնտեսությունների համար բնական է ժամանակ առ ժամանակ շփումներ ունենալ»,- ավելացրել է Ծինփինը։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «պետք է լինեն ընկերներ և գործընկերներ»։ «Սա այն է, ինչ մեզ սովորեցրել է պատմությունը և պահանջում է իրականությունը»,- ընդգծել է նա։
Այնուհետև երկու երկների ղեկավարներն անցել են փակ հանդիպման։ Ամերիկյան կողմից ներկա են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, ապարատի ղեկավար Սյուզի Ուայլզը և ԱՄՆ դեսպան Դեյվիդ Փերդյուն Չինաստանում։
Չինական պատվիրակության կազմում են արտգործնախարար Վան Ի-ն, նրա տեղակալ Մա Չաոսյուեն, պետնախորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, ապարատի ղեկավար Ծայ Ցի-ն, առևտրի նախարար Վան Վենթաուն և պետական զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Չժեն Շանջեն։





























