ՆԳ նախարարը` ոստիկանների կողմից արցախցի երիտասարդին խոշտանգման մեղադրանքների մասին

Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն, զուգահեռ կա նաև քրեական վարույթ Քննչական կոմիտեում այս դեպքի մասով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանների կողմից խոշտանգման մեղադրանքներին:


Նախարարը նշեց, որ այս պահին հատկապես քրեական վարույթի առկայության պայմաններում չի տա որևէ գնահատական, որովհետև դրա իրավասությունը չունի, բայց պետք է օբյեկտիվ իրականացվի քննություն։


Այս դեպքի մասով համացանցում տարածվեց մեր երկու ծառայողների լուսանկարներ: Պիտի փաստեմ, որ ծառայողներից մեկը մի քանի օր առաջ, մեկ այլ հանցագործության բացահայտման, մեկ այլ հանցանք կատարած անձի նռնակով վնասազերծման դեպքի շրջանակներում, վտանգելով իր կյանքը, ստացել է վնասվածքներ և հայտնվել հիվանդանոցում։


«Որպես նախարար, իմ հարցադրումը հետևյալն է. ոստիկանության ծառայողը կարո՞ղ է օրեր առաջ պատշաճ ոստիկանին բնորոշ վարքագիծ դրսևորել՝ պահպանելով օրենքը և ապահովելով այլ անձանց անվտանգությունը, օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի։ Այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը։ Այս հարցի պատասխանը ես տալ չեմ կարող, բայց առնվազն այս հանգամանքը ես բարձրացնել պարտավոր եմ ուղղակի»,- ասաց նա:


Սարգսյանը նշեց, որ ըստ ենթադրյալ տուժողի խոսքերի, ութ հոգով ինտենսիվ ծեծ է եղել իր նկատմամբ։ «Կրկին այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը, քանի հոգով, ինչ իրադարձություն, ինչպես, ո՞նց, որտեղ, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է և ծառայողական քննության շրջանակներում երեկ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ծառայողական քննության շրջանակներում ես ստացել եմ փորձաքննությունը։ Փորձագետը եզրակացության եզրափակիչ մասում նշել է հետևյալը՝ բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու և գլխից ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքներ սալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում և չի մեկնաբանվում»,- տեղեկացրեց նախարարը:


Սարգսյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարելի է եզրակացնել հանրային տիրույթում նման մանրակրկտությամբ դեպքի մանրամասների նկարագրությունից՝ ինտենսիվ ծեծ, ութ հոգի, հարվածներ դեմքին, վերնաշապիկը հանելու պրոցես և փորձագետի եզրակացությունը և նաև բուժհաստատության տված նախնական ախտորոշումը:


«Ի՞նչ է ստացվում, որ նման իրավիճակի պայմաններում թե հիվանդանոցը, թե դատաբժիշկը պիտի տար ավելի բարդ նկարագրություն իրավիճակի, քան որ մինչև այս պահը ֆիքսված է։


Ուղղակի փաստեր եմ արձանագրում, որ յուրաքանչյուրս իրավիճակին նայենք օբյեկտիվ և չտանք գնահատականներ, չսևացնենք որոշակի անձանց, որոնք որ կարող է վերջնարդյունքում մեղավոր չհամարվեն: Նորից եմ շեշտում, ես գնահատական չեմ տալիս, ֆիքսում եմ, որ կա քաղաքացու ահազանգ, որտեղ նշվում է, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, եղել է տարբեր վնասվածքներ, եղել են ութ հոգի, 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձագիտական եզրակացությամբ, դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա»,- հայտարարեց նա:


Սարգսյանը նշեց, որ գործի շրջանակներում բոլոր այս հանգամանքները պիտի քննարկվեն, պիտի հարցաքննվեն ոստիկանները, տարածքի հնարավոր տեսախցիկները, եթե կան այդպիսիք, պետք է առգրավվեն, դատաբժշկական փորձաքննությունը պետք է ուսումնասիրվի, փորձագետը միգուցե հրավիրվի հարցաքննության և այլն, և այլն։


«Ես ապավինում եմ Քննչական կոմիտեին այս հարցով օբյեկտիվ և արդար քննություն իրականացնելու համար։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն մեղավորություն, միանշանակ այդ ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե պարզվեց, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ, ըստ այդմ, բնականաբար, պիտի վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնության տրամաբանության մեջ»,- ընդգծեց նա:

Քաղաքականություն