Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներն անորոշության մեջ են

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի անորոշության մեջ են` արժե՞ գնալ Ռուսաստան, թե՞ ոչ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։


ԿԲ նախագահը նշել է, որ այս մասին իրենց վերջին հարցումն արել են հեռախոսազանգի տարբերակով, ոչ թե անհատական շփման միջոցով, հարցման նպատակն էր պարզել` արդյոք արտագնա աշխատանքի մեկնելու մոտիվացիա կա, թե ոչ։


«Երբ 7 կամ 10 տարի առաջ հարցում էինք անում, մարդիկ արդեն փետրվարին հստակ գիտեին` գնալու են, թե ոչ։ Հիմա անորոշությունը բավականին մեծ է։ Ենթադրում ենք, որ նրանք ՀՀ–ում կմնան ու կներգրավվեն հայաստանյան աշխատաշուկայում։ Բացի անորոշությունից, նվազել է նրանց թիվը, ովքեր ուզում են արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան. նրանք անցած տարի չեն մեկնել ու այս տարի էլ դեռ չգիտեն` մեկնելու են, թե ոչ»,– ասել է Գալստյանը։


ԿԲ նախարարը հիշեցրել է, որ ՀՀ–ում կան գյուղեր կամ մարզեր, որտեղ տղամարդկանց հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքի մեկնելն էր, մինչդեռ հիմա, Գալստյանի խոսքով, նրանք ձգտում են ներգրավվել հայաստանյան աշխատանքի շուկայում, մասնավորապես` շինարարության ոլորտում։


Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներին, ապա ԿԲ նախագահը նշել է` եթե մինչև հիմա արտագնա մեկնողներն իրենց աշխատած գումարի շուրջ 80 տոկոսը փոխանցում էին անկանխիկ եղանակով, իսկ վերջին 20 տոկոսը բերում էին իրենց հետ, ապա հիմա, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, ռուսական բանկերը փոխանցումների խնդիրներ ունեն։ Արդյունքում, կանխիկ գումարի տեսակարար կշիռը մեծացել է. մարդիկ ճանապարհներ են փնտրում գումարը ՀՀ փոխանցել կանխիկ տարբերակով։


Հարցին` արդյոք արտագնա մեկնողների մեջ ներգրավված են նաև Արցախից բռնի տեղահանվածները, Գալստյանը պատասխանեց, որ այդ մասով առանձնացված հարցում կամ վիճակագրություն չեն անցկացրել, սակայն հայաստանյան աշխատաշուկայում գրանցված է ավելի քան 20 հազար արցախցի։