Իրապես ամոթ է․ Տիգրան Ավինյան
Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով բժիշկների նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելիս գրանցված ոտնձգության վերջին դեպքին։
«Սրանք ցավալի դեպքեր են, բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որն, անկեղծ ասած, լավ բան չի խոսում մեր մասին, մեր հանրության մասին։ Կարծում եմ՝ բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք ունենք, ամեն նմանատիպ դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի՝ և խոսքով, և իրավապահ համակարգի կողմից, որովհետև բժիշկներն իրենց ծառայությունն են իրականացնում։
Իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելը։ Հարազատին պարզ է, որ շատ են սիրում, բայց դա որևէ կերպ թույլ չի տալիս նմանատիպ դրսևորումներ ունենալ բժիշկների նկատմամբ։ Սա զազրելի և ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որ մեր հանրության մեջ առկա է․ նմանատիպ ամեն արձանագրված դեպքը պետք է բարձրաձայնվի, որովհետև իրապես ամոթ է»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը մոխրամանով հարվածել է բուժաշխատողի դեմքին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս անդրադարձել էր դեպքին։