Ալիևը կարծես հեռու չէ նոր պատերազմ սկսելուց. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը:
«Առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները»,- ասել է նա «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:
Պատգամավորը խոսել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։
Շվեդ պատգամավորը ցավով է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն կիրառել ՀՀ-ի նկատմամբ։
«Կարծում եմ՝ սա շատ դրական է։ Ցավալիորեն, Բաքուն կրկին ու կրկին շատ ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում Երևանի դեմ։ Ալիևը, կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա»,- նշել է Հելսբորնը:
Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրաձայնվող դժգոհություններին՝ հիշեցնելով, որ հենց ինքը՝ պաշտոնական Բաքուն է հրաժարվել իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայումից։
Պատգամավորը անհեթեթ է համարել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսական կամ հետախուզական աշխատանք է կատարում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։
«Եվրոպական միությունը կնախընտրեր, որ կարողանար աշխատել երկու կողմերում էլ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում), սակայն Բաքուն հրաժարվել է դրանից: Պնդումները, թե առաքելությունում ինչ-որ լրտեսներ են, անհեթեթ են։ Առաքելությունը շատ թափանցիկ է, և նույնիսկ նախապես տեղեկացնում է, թե որտեղ է իրականացնելու պարեկությունը»,-ընդգծել է շվեդ պատգամավորը։
Շվեդ պատգամավորը, անդրադառնալով դիտարկմանը, որ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու պահանջին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն սահմանազատված հատվածներից, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն, այդուհանդերձ, Երևանին խորհուրդ է տվել չսահմանափակել դիտորդական առաքելության մանդատը։
«Իհարկե, այս հարցերը որոշում են վարչապետ Փաշինյանն ու Հայաստանի խորհրդարանը, բայց ես խորհուրդ կտայի չսահմանափակել առաքելությունների մանդատը։ Առաքելության անդամները գիտեն, թե ինչ են անում և կարողանում են տեղեկացված որոշում կայացնել, թե որտեղ է պարեկություն իրականացնելու լավագույն վայրը»,- հավելել է շվեդ պատգամավորը:
Վերջինս մեկնաբանելով Բաքվի դժգոհությունները և նման հայտարարությունների իրական նպատակը՝ Էրիկ Հելսբորնը ասել է․ «Հարցը, որն այս պարագայում պետք է տալ, այն է, թե Բաքուն ի՞նչից է վախենում, վախենում է, որ ԵՄ-ն ի՞նչ կտեսնի»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Լավրովը՝ ՌԴ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Սերգեյ Լավրովն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում պատերա...
Ի՞նչ են արել աղն ու ավազը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել մայթերի ու բակային...
Զուրաբիշվիլին տապալման գործընթացի գլխավոր դեմքն է. Կավելաշվիլի
Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ադրբեջանական հեռուստաալիքին ասել է, որ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվ...