Ուկրաինան ՆԱՏՕ կմտնի մի դեպքում. The Guardian

Ուկրաինան կարող է ավտոմատ կերպով անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը հակամարտության հանգուցալուծումից հետո։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի ամերիկացի սենատորներ ծրագիր են մշակել, ըստ որի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կապվելու է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի հետ։ Նշվում է, որ Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում Կիևի՝ դաշինք ավտոմատ կերպով մտնելու գաղափարը պաշտպանել են 
եվրոպացի որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ 


Նշվում է, որ այս առաջարկը կքննարկվի փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք եվրոպական խոշորագույն պետությունների ղեկավարների հանդիպմանը։


Փետրվարի 12-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Բրյուսելում արևմտյան կոնտակտային խմբի վերջին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի իր սահմաններին անիրատեսական նպատակ է, և փաստացի բացառել է երկիրը ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու հնարավորությունը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հեգսեթի հայտարարությունները ճշգրտորեն արտացոլում են Վաշինգտոնի դիրքորոշումը։