USAID–ն ներգրավված էր ընտրությունների վրա ազդելու գործում. Իլոն Մասկ

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մեծապես ներգրավված է եղել ընտրությունների վրա ազդելու գործում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, գրում է ТАСС–ը։

«ԱՄՆ ՄԶԳ-ի գործողությունների չափազանց մեծ մասը նպատակաուղղված էր ընտրությունների վրա ազդելուն, կասկածելի ձևերով ազդելուն, ինչը չէր դիմանում քննադատությանը», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին:


Նա չի մանրամասնել և չի հստակեցրել, թե որ երկրների ընտրությունների մասին է խոսքը։ Խոսելով USAID-ի աշխատանքի մասին՝ Մասկն ընդգծել է. «Ներդրված միջոցների վերադարձի առումով ես կասեի, որ ընդհանուր առմամբ այն միշտ չէ, որ լավ է եղել»։


Թրամփն ասել է, որ գործակալությունը «ոչ կոմպետենտ է և շատ կոռումպացված»:


ԱՄՆ վարչակազմը փետրվարի 3-ին փաստացի դադարեցրեց ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը: Այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միջոցառումները ձեռնարկվել են Մասկի դրդմամբ, ում Թրամփը նշանակել է նոր դեպարտամենտի ղեկավար՝ ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու, ուռճացված կառավարական ապարատի կրճատման և բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար: Հունվարի 25-ի գիշերը Politico-ն հայտնել է, որ Ռուբիոն կարգադրել է 90 օրով դադարեցնել ֆինանսավորումը գրեթե բոլոր արտասահմանյան օգնության ծրագրերի, այդ թվում՝ USAID-ի համար:


Հանրապետական ​​Թրամփի վարչակազմի գործողությունները USAID-ի նկատմամբ, որը արտաքին քաղաքականության գործիքներից մեկն էր և այլ երկրներում ԱՄՆ ազդեցության խողովակը, բողոքի փոթորիկ առաջացրեց Դեմոկրատական ​​կուսակցության անդամների մոտ։ USAID-ը ֆորմալ առումով անկախ գործակալություն է, բայց իրականում այն ​​գործում է Պետդեպարտամենտի շրջանակներում: Փետրվարի 6-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ USAID-ի աշխատակազմը մոտավորապես 10-13,000-ից կկրճատվի մինչև 294 մարդ:

Քաղաքականություն