Ազատ արձակվելուց հետո պաղեստինցի բանտարկյալներին տրվել են Իսրայելի դրոշով ապարանջաններ. Kan
Իսրայելի բանտերից ազատվելուց հետո պաղեստինցի բանտարկյալներին տրվում է իսրայելական դրոշով ձեռքի ժապավեն, եբրայերեն և արաբերեն «Հավերժական ժողովուրդը չի մոռանում, ես հետապնդում եմ իմ թշնամիներին և շրջանցում նրանց» մակագրությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Իսրայելի բանտային ծառայությանը, գրում է ТАСС–ը:
«Բացի այդ, եբրայերեն, արաբերեն և անգլերեն նույն գրություններով պաստառներ են փակցված բանտերի պատերին, որտեղ գործարքի շրջանակներում ազատ են արձակվում պաղեստինցի բանտարկյալները, ինչպես նաև այն անցակետերում, որոնցով նրանց տեղափոխող ավտոբուսներն անցնում են դեպի Արևմտյան ափ»,– նշում է Kan-ը։
Հունվարի 19-ին Գազայի հատվածում 470 օր մնալուց հետո ազատ արձակված երեք իսրայելցի կին պատանդներ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականներից նվերների փաթեթներ էին ստացել:
Ինչպես այն ժամանակ հաղորդել էր Ynet պորտալը, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խորհրդանիշներով թղթե տոպրակներում եղել են «նվերներ և հուշանվերներ», այդ թվում՝ բացիկներ՝ Գազայի տեսարանով: Բացի այդ, կանանց տրվել են «ազատագրման վկայականներ», որոնք նույնպես եկել են «նվերների փաթեթով», ինչպես նաև կանանց դաստակներին ամրացված են եղել պաղեստինյան դրոշներով ապարանջաններ: