Պավել Դուրովը DeepSeek-ի հաջողությունը կապել է խորհրդային չափանիշներով կրթության հետ
Չինաստանը զգալի թռիչք է կատարել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման գործում՝ առաջ անցնելով անգամ ԱՄՆ-ից, իր կարծիքն է հայտնել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ որակյալ կրթության մասին է, ուստի ամերիկացիները պետք է մտածեն դրա մակարդակը բարձրացնելու մասին՝ Պեկինին հաղթելու համար։
«DeepSeek-ի հաջողությունից հետո շատերը զարմացած են, թե որքան արագ է Չինաստանը հասել ԱՄՆ-ին AI-ի հարցում: Սակայն ալգորիթմների արդյունավետության ոլորտում Չինաստանի առաջընթացը չի առաջացել դատարկ տեղից»,- պարզաբանել է գործարարը։
Նա հիշեցրել է, որ չինացի ուսանողները վաղուց գերազանցել են ամերիկացի ուսանողներին ծրագրավորման և մաթեմատիկայի ոլորտներում։ Դուրովը վստահ է, որ Պեկինը կարողացել է նման հաջողությունների հասնել ԽՍՀՄ-ից ժամանակին վերցրած փորձի շնորհիվ։ Ըստ Դուրովի՝ հենց Խորհրդային Միությունն էր առաջատարը մասնագետների պատրաստման մակարդակով։
Օրինակ՝ Չինաստանում սովետական մոդելով աշակերտների միջև կատաղի մրցակցության պայմաններ են ստեղծում, իսկ արևմտյան դպրոցները խուսափում են մրցակցությունից և ուսման ընթացքում քարոզում են ջերմոցային պայմաններ, ինչը հանգեցնում է լավագույն աշակերտների դեմոտիվացիայի։
«Քանի դեռ ԱՄՆ միջնակարգ կրթության համակարգը արմատապես չի բարեփոխվել, տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի աճող գերակայությունը անխուսափելի է թվում», - եզրափակել է Դուրովը: