Տիգրան Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար դեռ ոչ ոք չի պատժվել. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պարզվեց, որ Տիգրան Ավինյանի` նոյեմբերին Լոս Անջելես մեկնելու մեկ VIP տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


«Քաղաքապետի գլխավորած պատվիրակության 9 անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս, իսկ քաղաքապետը բիզնես դասով էր մեկնել ԱՄՆ։ Տիգրան Ավինյանը չէր հերքել տեղեկությունը՝ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ գործուղումից հետո է իմացել արժեքները և ապշել է՝ գներն իմանալով։ Երևանի քաղաքապետն այդ ամենում իր աշխատակիցներին էր մեղադրել անպատասխանատվության համար, հրապարակավ հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար, որպեսզի «հետևանքներ լինեն»։


Մինչ օրս, փաստացի, որևէ «հետևանք» չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրություն է ընթանում։


Արդարության համար նշենք նաև, որ Տիգրան Ավինյանը սեփական միջոցներից փոխհատուցել է իր՝ Ամերիկա գործուղման ավիատոմսերի գումարը, որը կազմել էր 7 միլիոն 650 հազար դրամ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն