ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ 


 «Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները ուրախ են հայտարարել իրենց համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որոնց արդյունքում Գազայի հատվածում հակամարտող կողմերը համաձայնության են եկել պատանդների և գերիների փոխանակման և հանգստության վերականգնման շուրջ՝ զինադադար հաստատելու համար»,- ասել է նա մամուլի ասուլիսում։


Նրա խոսքով, «երկու կողմերը և բանակցողները պայմանավորվել են ավարտել բոլոր տեխնիկական ընթացակարգերն այսօր երեկոյան, այնուհետև Իսրայելի կառավարությունը կավարտի ներքին ընթացակարգերը, որից հետո կիրակի՝ հունվարի 19-ին, կսկսվի համաձայնագրի իրականացումը»։


Կատարի կառավարության ղեկավարը նշել է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկի ժամանակը կսահմանվի ավելի ուշ։


 «Համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր, որի ընթացքում կհաստատվի հրադադար, իսրայելական ուժերը դուրս կգան դեպի արևելք՝ քաղաքացիական տարածքներից հեռու՝ տեղակայվելու Գազայի բոլոր շրջանների սահմանին։  Կիրականացվի պատանդների և գերիների փոխանակում՝ համաձայն որոշակի մեխանիզմի», - ասել է նա։


«Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ փուլերի մանրամասներին, ապա դրանց հաստատումը կավարտվի առաջին փուլի ընթացքում»,- պարզաբանել է Կատարի վարչապետը։