Ջո Բայդենի կինը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը կկարողանար պաշտոնավարել ևս 4 տարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող էր երկիրը ղեկավարել ևս չորս տարի, նա իրեն հիանալի է զգում և շարունակում է իր օրերն անցկացնել ակտիվ՝ խիստ աշխատանքային գրաֆիկով։ Այս կարծիքին է ամերիկացի առաջնորդի կինը՝ Ջիլը, պատասխանելով Washington Post-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Բայդենը կկարողանար շարունակել զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։


«Իհարկե... Կարծում եմ՝ նա հիմա լիարժեք գրաֆիկ ունի։ Նա առավոտը սկսում էր հարցազրույցներով և ճեպազրույցներով, և այժմ էլ շարունակում է»,- ընդգծել է նա։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մի քանի բեռնատարների ուղեկցությամբ լքել Սպիտակ տունը։ Կուտակված բոլոր փաստաթղթերը, ներառյալ գաղտնի փաստաթղթերը, կտեղադրվեն մեքենաներում։ Դրանցից շատերը կարող էին «առաքվել ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչություն», սակայն երկրի ղեկավարը գնացել է այլ ճանապարհով: Բայդենի պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես կավարտվի 2025 թվականի հունվարի 20-ին, և նրան կփոխարինի Դոնալդ Թրամփը։