Զեղչից օգտվելու համար թվայնացված բազա ոչ բոլորի համար կա. ինչ անել այդ դեպքում

2025 թ-ի հունվարի 1-12-ը Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման 1-05 հեռախոսահամարին ստացվել է 6920 զանգ, որից 3543-ը վերաբերել են նոր միասնական տոմսային համակարգին։ Այս մասին զեկուցվեց Քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։


Հունվարի 7-10-ն օրական ստացվել է 1250 հեռախոսազանգ՝ նախկին 650-ի փոխարեն, որոնց 50 տոկոսը վերաբերել է տրանսպորտային խնդիրներին։


Զանգերը եղել են հետևյալ բովանդակության. արտոնություններից օգտվելու կարգի և առաջացած խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունների տրամադրում, քարտերի ձեռքբերման վերաբերյալ խորհրդակցություն կտրոնների ժամկետների վավերականության կրճատման վերաբերյալ դժգոհություն, բանկային քարտերով վճարման խնդիրների վերաբերյալ դժգոհություններ, ավտոբուսների QR կոդերը չճանաչելու, ինչպես նաև տեխնիկական խնդիրների վերաբերյալ դժգոհություններ։ «Թելսել» տերմինալներից, ինչպես նաև հավելվածի միջոցով կտրոն չտրամադրելու վերաբերյալ դժգոհություններ, ՆԳՆ-ի և ՊՆ-ի աշխատակիցների և հարակից մարզերի բնակիչների կողմից արտոնությունների ցանկում ներառված չլինելու վերաբերյալ դժգոհություններ։


Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով միասնական տոմսային համակարգից օգտվող արտոնյալ խմբերին՝ հետաքրքրվեց, թե արդյոք transport.yerevan.am կայքում տվյալ անձինք կարող են գտնել իրենց տվյալները և ստանալ իրենց արտոնությունը։


Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ արտոնյալ կարգավիճակ ստանալու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա։


«Այն մարդիկ, որոնք իրենց տվյալները չեն գտնում, բայց վստահ են, որ արտոնյալ են, համապատասխան փաստաղթղթերով կարող են ներկայացնել օնլայն դիմում»,- նշեց փոխքաղաքապետը:


Ավինյանն առաջարկեց խոսել բոլոր արտոնյալ խմբերի մասին առանձին-առանձին, քանի որ բազաները Երևանի քաղաքապետարանինը չեն, հետևաբար, հնարավոր է՝ հավելյալ տեղեկատվության կարիք լինի։


«Արտոնյալ կարգավիճակ ստանալու համար ուսանողները պետք է սպասեն մինչև հունվարի 20-ը: ԿԳՄՍ-ն հավաստիացրել է, որ մինչև հունվարի 20-ը բազաներն ամբողջությամբ համալրված կլինեն»,- ասաց Գրիգորյանը։


Քաղաքապետը հարցրեց, եթե ուսանողը ցանկանում է օգտվել արտոնությունից, բայց բազայում առկա չէ իր անունը ի՞նչ պետք է անի։ Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է սպասի մինչև հունվարի 20-ը։


Գրիգորյանի խոսքով՝ դպրոցականների հետ կապված խնդիր չեն նկատել։ Վստահեցրեց՝ թոշակառուների հետ կապված էլ խնդիր չկա։


Ավինյանը նաև նպաստառուների բազայի մասին հարցրեց․ տեղեկացրին, որ այս մասով համակարգային խնդիր չկա, կա կետային խնդիր, որոնցով անհատական զբաղվում են։



Քաղաքականություն