Երկու տասնյակ մոպեդների ու մեքենաների անհետացում․ ՆԳՆ-ն մանրամասնում է

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածքից անհետացած մոպեդների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ իրավապահ մարմինները` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։


ՆԳՆ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։


Ի պատասխան հարցմանը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ, ուստի ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։


«Ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, և որոշվել է դրան անդրադառնալ հիշյալ դեպքով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով», - հայտնել են ՆԳՆ-ից։


Դատախազությունն էլ, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել 254 հոդվածի 1-ին մասով (գողություն, գաղտնի հափշտակություն), 441–րդ հոդվածի 1–ին մասի 9–րդ դրվագով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (կաշառք վերցնելը), 436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (կաշառք տալը)։