Ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի եղել. Սուրենյանի պարզաբանումը
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,-գրել է Սուրենյանը:
Հիշեցնենք՝ այսօր դեկտեմբերի յոթն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 36 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։
Արհավիրքի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Խորհրդային Միության ղեկավարը պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից: