Եթե ազնիվ կատարեին այն, ինչի մասին պայմանավորվել էին, ոչինչ տեղի չէր ունենա․ Լավրով

Որքան երկար է Կիևի ռեժիմը տապալում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ ունի Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական աշխարհի 16-րդ վեհաժողովի բացման ժամանակ։


«Որքան երկար է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ մեկը մյուսի հետևից տապալում պայմանավորվածությունները, այնքան քիչ տարածքներ է մնում այդ վարչակարգի մոտ», - նշել է նախարարը:


«2014 թվականի փետրվար. եթե ազնիվ ձևով կատարեին այն, ինչի մասին պայմանավորվել էին, ոչինչ տեղի չէր ունենա, և Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում։ Բայց նրանք որոշեցին խախտել պայմանագիրը, քանի որ ցանկանում էին արագ փոխել իշխանությունը։ Փետրվար 2015․ Մինսկի պայմանավորվածություններ: Եթե նրանք ազնվորեն կատարեին այդ պայմանավորվածությունները, այո, Ղրիմն այդ ժամանակ արդեն հեռացել էր, բայց Ուկրաինան կմնար իր սահմաններում, ներառյալ ամբողջ Դոնբասը։ Չուզեցին, քանի որ չուզեցին, որ Դոնբասի մի մասը հատուկ կարգավիճակ ստանա, որն առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց՝ իրենց լեզվով խոսելու իրավունքի հաստատումն է»,- ասել է Լավրովը։


ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Ստամբուլյան պայմանավորվածությունների մասին։


«Դե, երրորդ հնարավորությունն էլ նրանք ունեցան Ստամբուլում 2022 թվականի ապրիլին, այդ մասին մանրամասն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ, իհարկե, ներկա իրողությունները նույնպես տարբերվում են 2022 թվականի ապրիլին եղածներից», - ընդգծել է ռուս նախարարը։

Պատահարներ