Լծված ենք գերիների ազատ արձակման աշխատանքին․ Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Օկամպոյի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել ՄՔԴ նախկին նախագահ Լուիս Օկամպոյի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկայի կաթողիկոսության հայտարարության մեջ:


«Ուրբաթ, 1 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հեռաձայնեց միջազգային քրէական դատարանի հիմնադիր եւ առաջին դատախազ դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփօ։


Խօսակցութեան առանցքը հանդիսացաւ Նոյեմբեր 11-22 Ազրպէյճանի մէջ տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լոյսին տակ Արցախի առնչուած հարցերուն հետապնդման աշխատանքները։ Այս ծիրէն ներս դոկտ. Օքամփօ Նորին Սրբութեան պարզեց ցարդ իր կատարած աշխատանքներուն ընդհանուր պատկերը եւ ընդգծեց Վեհափառ Հայրապետին կարեւոր դերը այս ծիրէն ներս՝ նկատի ունենալով իր ունեցած միջազգային կապերը։


Արամ Ա. Կաթողիկոս մեծապէս գնահատելով դատախազ Օքամփոյին զօրակցութիւնը Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան նկատմամբ՝ յայտնեց, որ արդէն ինք վերջին շաբաթներու ընթացքին լուռ կերպով լծուած է աշխատանքի՝ ի խնդիր Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան եւ գերիներու ազատ արձակման»,- նշվում է Կաթողիկոսության հաղորդագրության մեջ։